Դանիել Խարմս

|re-view|
Դանիիլ Խարմս

 

Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) գրականության պատմության մեջ թերեւս ամենազվարթ, ամենաողբերգական, ամենաչհասկացված ու ամենազարմանալի հեղինակներից է, ով ծնվեց 1905 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 1941 թվականի օգոստոսին երրորդ եւ վերջին անգամ ձերբակալվելով` մահացավ բանտի հոգեբուժարանում, բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում` քաղցից:

Բանտում գրված Խոտը արձակ բանաստեղծության մեջ (որից պահպանվել է մի պատառիկ) Դ. Խարմսը գրում էր. «Երբ թավ խոտի մեջ շրջում է ձին, այն համարում է իրեն ձիու կեր: Երբ կրակում են քեզ հրացանից, եւ դու ափդ մեկնում ես դահճին, ապա դու ոչնչություն ես, դու չքավոր ես… Երբ մենք ժողովում ենք դեզը խոտի, այն անուշաբուրում է: Իսկ մարդը, զնդան ընկնելով, եւ լալիս է, եւ հոգոց հանում, եւ գլուխը պատով տալիս, եւ մոլեգնում, եւ փորձում է սավանով կախվել»:

37 թիվը Դանիիլ Խարմսն ավետեց Տնից ելավ մի մարդ մանկական երգ-բանաստեղծությամբ.

տնից ելավ մի մարդ
պարկով ու պարանով
ու հեռավոր ճամփա ու հեռավոր ճամփա
ուղեւորեց ոտքով
նա քայլում էր ու քայլում
եւ հար առաջ նայում
չէր ուտում չէր խմում չէր խմում չէր ուտում
չէր խմում չէր ուտում չէր ուտում
եւ մի անգամ արշալույսին
մտավ նա մութ անտառ
եւ այդ պահից եւ այդ պահից
եւ այդ պահից կորավ

Մահը` որպես խորհրդանիշ, որպես փիլիսոփայական կատեգորիա, առկա է Խարմսի համարյա թէ բոլոր տեքստերում, եւ ոչ միայն Խարմսի, այլ նաեւ մյուս օբերիուտների: Ալեքսանդր Վվեդենսկին մատնանշում էր իր երեք հիմնական թեմաները` ժամանակ, մահ, Աստված: Ժամանակը եւ նրա հոսունությունը Խարմսի հիմնական մոտիվներից է, ինչպես նաեւ երազը, որը Խարմսի համար զուգահեռ եւ այլ մեկ աշխարհ սպրդելու միակ ելքն էր:

Խարմսին ներհատուկ է հանճարեղ խեղաթյուրումը, եւ պատահական չէ, որ նրա համար պաշտելի հեղինակներ էին «նոնսենս»-ի հիմնադիր Էդվարդ Լիրն ու Ն. Գոգոլը: Տարօրինակությունը, թերասությունն ու հմայքը միշտ միաձույլ են Խարմսի տեքստերում, նրա կարճ պատմվածքները, մանրապատումներն ու բանաստեղծությունները կյանքի մասին երբեմն ավելին են պատմում, քան ստվարածավալ վեպերը, եւ մանավանդ, այսպես կոչված, սոցռեալիստական վեպ-բարբաջանքները:

Ահա մի հատված Ա. Բոսարդի Հավատում եմ, քանզի աբսուրդ է: (Դանիիլ Խարմսի դարը)էսսեից. «Մի մարդ անընդհատ փոխում էր անունները: Հետո ինքն էլ մոռացավ, թե ինչ է իր ազգանունը: Այնպես որ, Խարմս նրան կոչում էին պայմանականորեն: Խարմսը գրող էր եւ անընդհատ ինչ-որ բան էր գրում: Նա երազում էր գնալ անտառներ, գյուղերով քայլել, գյուղացիներին հեքիաթներ պատմել, եւ որ դրա համար կերակուր տան: Սակայն, մեզ մոտ` սովետական երկրում, այդպես ընդունված չէր: Այդ պատճառով նրան բանտ նստեցրին: Խարմսը հանճար էր: Դրանից էլ` նրա բոլոր անախորժությունները»:

Ունկնդրելով, կամ, ավելի ճիշտ, չունկնդրելով, այլ պարզապես նայելով քաղաքական գործիչների մեծամասնության դեմքերին, դիմախաղին եւ շարժմունքին, մտաբերում եմ Դանիիլ Խարմսի Շարդամ կրկեսըստեղծագործությունը տիկնիկային կրկեսի կյանքի մասին, ուր դերասանները փայտե տիկնիկներ են, որոնք իրենց կենդանի մարդ են երեւակայում` ամենայն մարդկային խնդիրներով: Եւ այստեղ գալիս է աշխատանքի տեղավորվելու ոմն Վերտունով, բնականաբար, նույնպես տիկնիկ: Բայց նրան այնքան էլ ուրախ չեն դիմավորում: Կրկեսային կյանքն իր հունով է ընթանում, խամաճիկները խաղում են: Վերտունովն անընդհատ ոտնատակ է ընկնում, եւ մեկ էլ տեղական Ապոկալիպսիս է պատահում, ինչպես միշտ՝ անսպասելի: Կրկեսը սրբում-տանում է ակվարիումի համաշխարհային ջրհեղեղը, որը սարքում է, ինքներդ գլխի ընկեք, թե ով: Բոլորը շուտափույթ խեղդվում են՝ թեթեւակի զարմանալով սուզված կրկեսում իրենց հետմահու գոյության համար:

Վերտունովը ջուրը թափելու ելք է գտնում, եւ ուրախությունից նրան ընդունում են աշխատանքի: Կյանքը դարձյալ հաղթում է մահին՝ մարդկությանն անհայտ միջոցով, եւ մեր շոուն հավերժորեն շարունակվում է:

Դանիիլ Իվանովիչ Յուվաչովը, դեռեւս դպրոցական տարիքից, իր համար հորինեց Խարմս կեղծանունը, որը տարակերպում էր ապշեցուցիչ հնարամտությամբ, երբեմն նույնիսկ միեւնույն ձեռագրի տակ մակագրելով տարբեր տարանուններ` Խարմս, Խորմս, Չարմս, Խաարմս, Շարդամ, Խարմս Դանդան եւ այլն: Բանն այն է, որ Խարմսը ենթադրում էր, որ անփոփոխ անունը դժբախտություն է բերում, եւ նոր ազգանուն էր ընտրում դժբախտությունից եւ խորհրդային երկրի մղձավանջից փախչելու համար:

«Աշխարհը որսում էր ինձ, բայց այդպես էլ չբռնեց»,- գրված է ռուս փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի դամբանաքարին: Աշխարհը, եւ այն էլ՝ վեհապանծ խորհրդային աշխարհը, որսաց, բայց այդպես էլ չբռնեց Խարմսին:

Շվեյցարիայում ապրող հայտնի ժամանակակից գրող Միխայիլ Միշկինն իր էսսեներից մեկում գրել է. «Ցյուրիխյան սլավոնական սեմինարի ուսանողները (բառարանով եւ հիացմունքով) Խարմս են կարդում, բայց դա այն Խարմսը չէ: Շվեյցարական Խարմսն այլ բանի մասին է: Մեր` հենց նույն Պլատոնովի միաձու երկվորյակը… Օբերիուտական աբսուրդը բաշմաչկինյան ռեալիզմի զարգացումն է մի երկրում, ուր պատերազմն ու պառավներին պատուհաններից դուրս նետելը պարզապես կենսակերպ է»:

Եւ եթե Անդրեյ Պլատոնովի հերոսները դեռեւս ռուս են մնում, այդ ճամփորդները, երազողները, խենթուխելառները, որոնցում զգալի է ռուսական ոգին, ապա Խարմսն այդ ոգու մահազդն ազդարարողն ու կործանման ականատեսն էր:

Եթե Խարմսի արձակը որոշ չափով ծանոթ է (չնայած, հիմնականում ընթերցվում եւ ընկալվում է որպես անեկդոտ), ապա համարյա չեն ընթերցվում բանաստեղծությունները, որոնք հետազոտողներից մեկը համեմատում էր Խուան Միրոյի, Մոնդրիանի, բայց ամենից շատ՝ Պաուլ Կլեեի նկարների հետ, իսկ դրանցից ոմանք նմանեցնում էր Սեզանի խնձորներին:

Առանձին խոսակցության նյութ են Խարմսի փիլիսոփայական տեքստերն ու նամակները:

2000թ. ռուսական Ազբուկա հրատարակչությունը լույս ընծայեց Դանիիլ Խարմսի եռահատորյակը, որը մինչեւ այսօր տպվածների մեջ ամենածավալունն է, բայց ոչ լիակատարը, քանի որ, ինչպես վկայում է Խարմսի ընկերներից մեկը, նրա ձեռագրերը տնից պարկերով էին տանում, եւ այն էլ՝ 31, եւ ոչ թե 37 կամ 41 թվերին:

Նույն 2000թ. ԲՍԳ. Պրեսս հրատարակչությունը լույս ընծայեց Վլադիմիր Գլոցերի կազմած եւ գրառած Մարինա Դուրնովո Իմ ամուսին Դանիիլ Խարմսը գիրքը:

Հիմա աներեւակայելի է թվում, որ 20-րդ դարի վերջում գտնվել է մի մարդ, ով դեռեւս 30-ական թվականներից ճանաչել է Խարմսին, եւ ով շատ հետո հեռավոր Վենեսուելայում կարողացել է գտնել Խարմսի կնոջը:

Այս գիրքը, խորհրդային հրեշավոր կյանքի տարեգրությունից զատ, նաեւ պատերազմի, Խարմսի ձերբակալության, չինովնիկների դաժանության ու նվաստացումների, մտերիմների կորստյան եւ ուշակորույս զառանցանքի պատմությունն է:

Գոլիցինների ազնվական տոհմից սերած Մարինա Դուրնովոն (Մալիչը), ում միակ երջանիկ տառապանքը եղավ ամուսինը` Դանիիլ Խարմսը, եւ ով անցավ դժոխքի բոլոր պարունակներով… Եւ ահա այս տողերը կարդալիս սարսում ես. «Ես հիշում եմ այն զգացողությունը, որով ես լքում էի հայրենիքը: Ես մտածում էի. «Ահա ես գնում եմ, սա իմ հայրենիքն է: Բայց այն ամենից հետո, ինչը ես կրեցի այստեղ, այն բանից հետո, որ նրանք արեցին իմ կյանքի հետ, Դանյայի կյանքի հետ` ես նրանց անիծում եմ…»:

1937թ. Խարմսն օրագրում կազմել էր իրեն առավել հոգեհարազատ գրողների ցանկը՝ հետեւյալ կարգով` Գոգոլ, Պրուտկով, Մայրինկ (ում Գոլեմ վեպը Խարմսի սիրած գրքերից էր), Համսուն, Էդվարդ Լիր եւ Լյուիս Քերոլ: Գոգոլը ոչ միայն Խարմսի ամենասիրելի գրողներից էր, այլ, թերեւս, ամենամեծ ուսուցիչը, ում ցանած աբսուրդի սերմերից աճած հունձքը ամենադժնի տարիներին ժողվեց Դանիիլ Խարմսը:

Խարմսին նվիրված ուսումնասիրություններից առանձնապես հիշարժան են Ժան Ֆիլիպ Ժակարի Դանիիլ Խարմսը եւ ռուսական ավանգարդի վերջը հիմնավոր հետազոտությունը, ինչպես նաեւ՝ Միխայիլ Յամպոլսկու Ուշակորուսությունը որպես ակունք: Խարմս ընթերցելիս հիանալի եւ խորունկ գիրքը:

Սակայն, դա արդեն առանձին եւ այլ խոսակցության նյութ է:

re-view |
16.11.2017
«անաստված» կինոթատրոնը» կինովիպակի քննարկում [2]
11.11.2017
«անաստված» կինոթատրոնը» կինովիպակի քննարկում [1]
 
Arian AMU
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s